Այցելի՛ր Տավուշ։ Զգա՛ մեր ջերմությունը
Գտնվելով Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում` Տավուշը ամենայուրահատուկ և արտասովոր ուղղություններից է, որն անպայման պետք է բացահայտեք: Այս վայրը հայտնի է իր գեղատեսիլ բնական գեղեցկությամբ, լեռնային տեսարաններով և մեղմ կլիմայով, էլ չասած նրա հոյակապ լեռները, բուժիչ աղբյուրները, հանքային ջրերը ու մաքուր օդը։ Տավուշը կարծես թե ֆիլմից մի հատված լինի իր այդքան իդեալական լինելու պատճառով: Այստեղ դուք կարող եք կտրվել առօրյա եռուզեռից և ձեր օրը լցնել ձեր առօրյայից տարբերվող զբաղմունքներով: Այդ հանգստությունն ու թարմ բնությունը Տավուշը դարձնում են իդեալական վայր ոչ միայն ժամանակ առ ժամանակ հանգստանալու, այլև աշխատանքի և առօրյայի համար:
Զիփլայնով թռիչքներ իրականացրեք շքեղ և հոյակապ լեռների երկայնքով և ականատես եղեք հիասքանչ մայրամուտին, ինչպես նաև ժայռի ծայրից՝ անզուգական տեսարանին: Այս վայրը իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ադրենալինն ու հանգիստը բնության գրկում։ Ազատ արձակեք ձեր ներսի կովբոյին՝ Ինդիանա Ջոնսին կամ Արաբիայի Լոուրենսին և ցատկեք թամբի վրա՝ կյանքի ճանապարհորդության համար: Անհնար է չտրվել տեղական խոհանոցի հսկայական դրախտին: Սնունդն ու խմիչքները երբեք այսքան համեղ չեն եղել: Վայելեք տեղական գինեգործարանների գինիների և Տավուշի հայտնի խորովածի տպավորիչ տեսականին առանց որևէ մեղքի զգացումի:
Տավուշը գալիք ուղղություն է, որը գրավում է ճանապարհորդների մեծ խմբեր: Իջևան քաղաքի շրջակայքում կա լավ պահպանված ճարտարապետական հրաշալիքների գանձարան, ինչպիսիք են Լաստիվերի քարանձավները, որոնցում մարդիկ ապրել են 10 հազար տարի առաջ: Այստեղ դուք կարող եք զգալ տեղական բնությունն ու մշակույթը: Արշավի սիրահարները կարող են այցելել Դիլիջան ազգային պարկ, Գոշ և Պարզ լճեր՝ հետևելով Անդրկովկասյան արահետի մաս կազմող անտառային արահետներին։ Ավելին, տարածքը առատ է բնական գեղեցկությամբ, անտառներով, փոքրիկ ջրվեժներով՝ իրենց առեղծվածային տեսարաններով։ Պայծառ երկրաբանական ձևերը՝ սառած կանաչի տարբեր երանգներով, զարմացնում են աչքը և թափանցում հոգուդ խորքերը։ Սուր ժայռերը, անտառներով ծածկված անվերջ լեռների գագաթները բնության գլուխգործոցներ են, որոնք պետք է տեսնի յուրաքանչյուր ճանապարհորդ:
Երբ այստեղ լինեք, անպայման այցելեք միջնադարյան վանքերը, որոնք հայտնի են իրենց յուրահատուկ ճարտարապետական ոճով և նրանց շրջապատող խաչքարերով, որոնք սպասում են իրենց բացահայտմանը: Ինչպես նաև փոքրիկ մատուռներ, որոնք ունեն ինչ-որ հատուկ էներգիա՝ լի նախնիների կյանքի մասին գիտելիքների աղբյուրով: Այս տարածաշրջանը գրավիչ է նաև պատմամշակութային զբոսաշրջության սիրահարների համար՝ մեծ թվով բերդերի և ամրոցների առկայության շնորհիվ, որոնք արժե այցելել բոլոր հարմարություններով, որպեսզի ձեր ճանապարհորդությունը լինի ոչ միայն եզակի, այլև արկածային:
Պատմություն
ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի խոշորացված համայնքները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։
Մարզն ունի 5 քաղաքային՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում և 57 գյուղական համայնք:
ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա՝ Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռների։ Տարածքի մեծ մասն ունի 800-1700 մ․ բարձրություն: Մարզի ցածրադիր կետը (Դեբեդավան գյուղ) գտնվում է ծովի մակարդակից 379 մ․ բարձրության վրա, իսկ բարձրադիր կետը՝ Միափոր լեռը` 2993 մ․։
Տավուշը Հայաստանի ամենաանտառապատ մարզն է: Հիմնական ծառատեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին, լորենին, հացենին, թխկին, կեչին, գիհին, ընկուզենին և անտառային հատապտղավոր բույսերը: Մարզը հարուստ է նաև բազմաթիվ թեյաբույսերով՝ մասրենի, ուրց, դաղձ: Կենդանական աշխարհը նույնպես բազմազան է: Այստեղ հանդիպում են կովկասյան և բծավոր եղջերուներ, եվրոպական այծյամ, գորշ արջ, այծյամ, նապաստակ, գայլ, աղվես, լուսան, գորշուկ, կզաքիս և շատ այլ կենդանիներ։
Տավուշում հանդիպող բույսերից շուրջ 50-ը, իսկ կենդանիների և թռչունների զգալի մասը՝ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրա հետևանքով էլ մարզում ստեղծվել են բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի, Արջատխլենու, Գանձաքարի, Գետիկի, Զիկատարի արգելավայրերը և Իջևանի, Բերդի դենդրոպարկերը։
Տավուշը հարուստ է նաև ջրային պաշարներով՝ Աղստև գետը, փոքր ավազան զբաղեցնող Դեբեդը, ինչպես նաև Ոսկեպարը, Վարագավանը, Տավուշը, Խնձորուտը: Լճերից են Պարզը, Ժանգոտը, Գոշը:
Մարզը հարուստ է հանքային ջրերով՝ Դիլիջան Ֆրոլովա, Թթու ջուր, Ակնաղբյուրի, Վազաշենի, Ոսկեպարի, Բլդանի։ Ջրվեժներ նույնպես կան: Խնձորուտի վրա է գտնվում 15 մ․ բարձրությունից թափվող Շառաչ ջրվեժը, Խաչաղբյուր գետի վրա՝ Ենոքավան գյուղից 3 կմ․ հեռավորության վրա է գտնվում՝ Լաստիվեր ջրվեժը։
Մարզում կլիման բարեխառն է՝ չափավոր տաք ամառներով և մեղմ ձմեռներով, իսկ հյուսիսային և հյուսիս-արևելյան ցածրադիր գոտիներն աչքի են ընկնում չոր մերձարևադարձային կլիմայով: Մարզն ունի մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր և բուժիչ օդ։ Ընդ որում, լեռնային առանձնահատկություններով պայմանավորված, մարզի հարավային և հյուսիսային մասերը կլիմայական պայմանների առումով տարբերվում են: Հյուսիսային մասերում ձմեռը տաք է, սակավաձյուն, ամպամած օրերը քիչ: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը՝ 0.0-0.5°C է: Ամռանը բավական շոգ է, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է 23-24°C, բացարձակ առավելագույնը հասնում է 36°C -ի: Մարզի հարավային մասերում օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 6-7°C: Ձմռանը ցրտերը չափավոր են, հունվար ամսվա միջինը կազմում է -5°C: Ամռանը զով է, շոգը՝ չափավոր (32°C):
Տավուշը հանրապետության գյուղատնտեսական ակտիվ շրջաններից է: Վերջին տարիներին զարգացում է ապրում պտղաբուծությունը՝ ինչով մարզը նախկինում մեծ համբավ է վայելել, մեղվաբուծությունը նույնպես ակտիվ զարգացող ճյուղ է։
Չզարմանաք, եթե այլ երկրներում հանդիպեք Տավուշի մարզի արտադրանք: Մարզից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, ինչպես նաև քարե և փայտե, վերջերս՝ տեքստիլ արտադրատեսակներ: