search

 Նորարարական կրթություն հանուն կայուն գյուղատնտեսության

Ի՞նչ եք փնտրում.

 «Կանաչ կենտրոնը» գյուղատնտեսական ուղղվածության կրթական կենտրոն է, որն իրականացնում է դասընթացներ տարբեր թեմաներով, այդ թվում`կայուն գյուղատնտեսություն, ագրոտուրիզմ, սոցիալական ձեռներեցություն, ջերմոցային տնտեսություն, նաև անցկացնում շրջայցեր, փառատոններ ու փորձի փոխանակումներ: Կանաչ կենտրոնը գտնվում է Հովք գյուղում՝ Երևանից 120 կմ, Դիլիջանից 22 կմ, Իջևանից 10 կմ, Վանաձորից 58 կմ, Գյումրիից 120 կմ հեռավորության վրա։

Ինչո՞ւ ընտրել «Կանաչ կենտրոնը».

Կենտրոնի տարածքը բաղկացած է դասընթացների ու հյուրընկալության համար նախատեսված շինություններից: Կենտրոնի առավելություններից մեկը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած փորձացուցադրական տնտեսությունն է:
«Կանաչ կենտրոնը» առաջարկում է գյուղատնտեսության, բնապահպանության և տուրիզմի ոլորտում կրթական, խորհրդատվական, փորձի փոխանակման, միջոցառումների կազմակերպման և այլ ծառայություններ բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են այդ ոլորտներով:

«Կանաչ կենտրոնի» նորարարությունը.

Կենտրոնին կից նորագույն տեխնոլոգիաներով հագեցած օրգանական եղանակով վարվող տնտեսությունում աճեցվում են բանջարեղենի, կանաչեղենի, ոչ ավանդական մշակաբույսերի, պտղատուների ավելի քան 150 տեսակներ: Կրթական կենտրոնի այցելուները կարող են ծանոթանալ հակակարկտային ցանցի, կաթիլային ոռոգման, անձրևացման, կոմպոստացման, մուլչապատման և այլ մեթոդների առավելություններին ու կիրառությանը։

Գիշերակացի ու կենցաղային հնարավորությունները.

 Կենտրոնն ապահովում է նաև գիշերակացի հնարավորություններ: Այնտեղ միաժամանակ կարող է գիշերել 19 մարդ, որից 3 սենյակը ընտանեկան է, իսկ 10 հոգին կարող են գիշերել տարածքում գտնվող 5 փայտե հեքիաթային տնակներում։
Շենքը հագեցած է ժամանակակից կահավորանքով՝ ներառյալ լոգարանը և խոհանոցը, որտեղ ամեն օր տեղում օրգանական եղանակով աճեցված և ոչ ավանդական բանջարեղենից պատրաստվում են ուտեստներ։

Հավելյալ ծառայություններ.

«Կանաչ կենտրոնը» հարմար վայր է թեմատիկ միջոցառումների անցկացման համար: Նախատեսված է նաև վարձակալության համար։ Եթե որոշել եք ձեր խորհրդաժողովը, աշխատաժողովը, արտագնա նիստը, թիմի ժողովը կամ այլ միջոցառում կազմակերպել բնության մոտ խաղաղ միջավայրում, ապա կենտրոնը կարող է լինել ձեր լավագույն ընտրությունը։