search
Title Image

Զատիկ

Գլխավոր  /  Բլոգ   /  Զատիկ

Զատիկ

Հայոց բոլոր ազգագավառներում  Զատիկ անունով հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարության տոնին։ Այն շարժական տոն է․ նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը:

Ղուկասի Ավետարանում մանրամասն նկարագրված է Փրկչի հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո հանել են Նրա Մարմինը խաչից և տարել գերեզման, որի մուտքը մեծ քարով են փակել: Երեք օր անց Մարիա Մագդաղենացին, Սալոմեն և Հակոբի մայր Մարիան եկել են գերեզման՝ Տիրոջ մարմինն անուշաբույր յուղերով օծելու համար: Բայց տեսել են, որ գերեզմանի դուռը բաց է, իսկ Տիրոջ մարմինը չկա: Կանանց առջև հայտնված ճերմակ հանդերձներով երկու այր հարցրել են նրանց. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում: Նա այստեղ չէ՝ Նա հարություն առավ (Ղուկ. 24: 5-6)»
 Յուղաբեր կանայք ավետել են Հարության լուրն առաքյալներին, ինչից հետո Հիսուսը հայտնվել է նրանց:
 Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

 

Զատիկի օրը, ասում էին, բախտ են բաժանում, ով այդ օրը քներ՝ բախտից կզրկվեր։ Բայց ո՞վ կքներ․ աշխատանքը և ուրախությունը եռում էր։ Զատկի տոնի բոլոր նախապատրաստություններն արված էին, բայց գլխավորը՝ զատկական մատաղը, դեռ մնում էր։ Այդ մատաղը, սովորաբար, հասարակական էր, այսինքն՝ համայնքի, գյուղի բոլոր ընտանիքները մասն ունեին մատաղի մեջ։ Հավաքված դրամով նախապես գնված մեկ կամ մի քանի եզները, կամ մի քանի ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և գիշերը եփվում խոշոր կաթսաներում։ «Գեղ ու քաղաք ընդհանուր մասնակցությամբ, անհատական բացառությունները մի կողմ թողած, Զատկի տոնին հասարակաց մատաղ են անում ու առանց խտրության բաժանում ամենքին»։ Զատկի մատաղը ախար կամ ախառ էր կոչվում և տարվա ամենաթանկ մատաղն էր համարվում։

Զատկական մատաղը հսկում էին համայնքի կողմից ընտրված արդար մարդիկ, իսկ եփվող կաթսաների շուրջ հավաքված երիտասարդները  մինչև լույս խաղում էին զատկական ամենասիրված խաղը՝ ձվախաղը։ Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ:

Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Այդ երեկո սեղաններին դրվում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը տարբեր գույնի են ներկում, սակայն հիմնականում զատկական ձուն պետք է կարմիր գույնի լինի: Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սբ. Գրիգոր Տաթևացին: Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Ձվախաղերը տարբեր էին, սակայն ամենահայտնի ձևը հետևյալն էր։ Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու։ Վերջինս խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին։ Եթե ​​առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն, խաղընկերն իրավունք ունի դեմ տալու նաև ձվի բութ գագաթը:  Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին։

Վերջում հիշենք այն ասույթները, որոնք կապված են Զատկի հետ․

Զատկե զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜․․․․․

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է։

Կարմի ձուն Զատկին կսազե։

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատիկն առանց ձվի չի լինի։

Հենց սովածանան, զատկի փլավը միտը կբերեն։

Ջրօրհնեքը ճրագլիսով, Զատիկը՝ արևլիսով։

Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի։