search
Գլխավոր  /  Դիլիջանի ազգային պարկ

Դիլիջանի ազգային պարկ

0
1
Տավուշի մարզի  բնությունն ապշելու աստիճան հարուստ է և բազմազան:  Այնտեղ, որտեղ մարդը չի միջամտում, բնությունն ապրում և ձևավորվում է  իր սեփական, բնական օրենքների համաձայն: Դիլիջանի ազգային պարկը լի է զարմանալի բնական  «ստեղծագործություններով»։ Պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ: Խիստ կտրտված ռելիեֆը ստեղծում է բնական պայմանների բացառիկ բազմազանություն: «Դիլիջան» ազգային պարկն ունի հարուստ և բազմազան բուսաշխարհ: Զբաղեցնելով ՀՀ տարածքի մոտ 1%-ը՝ այն իր մեջ ընդգրկում է Հայաստանի անոթավոր բույսերի ավելի քան 25%-ը՝ 977 տեսակ։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդ դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի, կենի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ: Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարի կղաքիս, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ: Կան նաև բազմաթիվ թռչուններ` կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ: Կլիմային վարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը: Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը և, իհարկե, հիասքանչ Գոշի լիճը:

Կապվել կազմակերպության հետ