Ամրոցը գտնվում է Աչաջուր գյուղից հարավ-արևմուտք, 25 կմ հեռավորության վրա,
Լուսաձոր գետակի ձախ ափին, Աչաջրից դեպի Սևքարի և Սարիգյուղի ամառանոցներ
տանող ճանապարհին: Տեղացիներն ամրոցը կոչում են «Քերօղլի»: Ամրոցը գտնվում է
ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա, զբաղեցնում է ավելի քան մեկ
հեկտար տարածություն: Կենտրոնական մասում նկատվում են քարե բնակելի
կառուցվածքների հիմնապատերը: Հյուսիս-արևելյան և մասամբ հյուսիսային կողմից
տարածվում են թեք լանջեր, ըստ այդմ էլ կարիք չի զգացվել որևէ լրացուցիչ
պաշտպանական կառուցվածքների, մյուս կողմում կառուցվել են ամուր
պարսպապատեր: Ամրոցը ուղղանկյունաձև է, ձգվում է հարավ-արևելքից հյուսիսարևմուտք 215 մ երկարությամբ և 40—60 մ լայնությամբ: 5 մ լայնությամբ մուտքը
գտնվում է ամրոցի կենտրոնում: Արևելյան և հարավ-արևելյան պարսպապատերի
երկարությունը հասնում է 30 մ, այս մասում էլ գտնվում է ամրոցի երկրորդ` արևելյան
մուտքը, արևմտյանի դիմաց: Մուտքի վրա բարձրանում է 7x6 մ ոչ մեծ ուղղանկյուն
աշտարակը: Հարավային պատը, որն ունի 140 մ երկարություն, ավելի ամուր է: Հարավարևելյան մասում պատի լայնությունը հասնում է մինչև 4 մ: Այստեղ երկու
կացարանների պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. I հազարամյակի I
կեսերին բնորոշ մի շարք առարկաներ (կարասներ, կարմիր և սև խեցեղեն իրեր և այլն):