search
Գլխավոր  /  ԱՍՏՂԻ ԲԼՈԻՐ ԱՄՐՈՑ

ԱՍՏՂԻ ԲԼՈԻՐ ԱՄՐՈՑ

0
0

Աստղի բլուր ամրոցը գտնվում է Ենոքավան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, մի
բարձունքի վրա, զբաղեցնում է 2 հեկտար տարածություն: Դա մի լեռնապար է, որի
արևմտյան մասը միանգամից ընդհատվում է: Հենց այդ ընդհատման մասում էլ
գտնվում է Աստղի բլուր ամրոցը, որը շրջապատված է կրկնակի և եռակի շարված
պարսպապատերով: Ամրոցը Թալա գետին է միանում երկու կիլոմետր երկարությամբ
ստորգետնյա ուղիով: Գետի կողմից ավերվել է թունելի մուտքը:
1865 — 1966 թվականներին Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի
հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստեփան
Եսայանի կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվեց ամրոցի տաճարը
(վանքը): Այստեղ էլ ի հայտ եկավ Անդրկովկասում և ողջ մերձավոր Արևելքում միակ,
ամենահետաքրքիր տաճարի կավե մանրակերտը: Մ.թ.ա. IX—VIII և VI—V դարերի
դամբարանադաշտի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին բրոնզե գոտիներ,
երկաթե զենքեր, դանակներ, բազմաթիվ կավե ամաններ, կենցաղային մի շարք իրեր:
Հազվագյուտը համարվում է բրոնզե կոփված թիթեղից պատրաստված ամբողջական
գոտին, որը անվնաս է մնացել: Արտաքինից փորագրված են որսի տեսարաններ:
Եզրերը զարդանախշված են ներսից որոշակի շարքով, պատկերված են ձիավոր
նետաձիգներ, կառք և եղջերու: Պատկերները կրկնվում են, միայն մի տեղ նետը
մխրճված է եղջերուի թիկունքը: Որսի տեսարանը ունի նաև արևի և պտղաբերության
հետ կապված ծիսական բնույթ: Ամբողջ տեսարանը շրջափակված է «վազող
զսպանակի» կրկնակի զարդագծով, որը ընդգծում է երկնակամարում արևի շարժման
անընդհատությունը: Այդ հազվագյուտ գոտին և ուրիշ առարկաներ հանձնվել են
Հայաստանի պատմության թանգարանին:

Կապվել կազմակերպության հետ