Մինա Անանյան
Իջևանի դիտարժան վայրերից մեկն է Անանյանների ամառանոցը,(որը, լիահույս ենք, կդառնա Իջևանում առաջին պատկերասրահ-հյուրատունը) որտեղ սիրո, ջերմության, անսահման մեծ հյուրընկալության կողքին չես կարող չնկատել պատերին փակցված տարաժանր նկարները՝ խոսուն, ազդեցիկ, կիսատ կյանքի լուռ վկաները, որ պատկանում են Մինա Անանյան անունով նկարչուհուն; Վեց տարեկան էր Մինան, երբ պատահական մի օր, դպրոց ընդունվելու փաստաթղթերը հավաքելիս բժիշկը հայտնեց մայրիկին, որ երեխայի մոտ սրտի հիվանդություն է զարգանում: Իրար հաջորդած վիրահատությունները խլեցին Մինայի լսողությունը,սակայն ընտանիքի հոգատարությունն ու ծայրաստիճան ուշադրությունը փրկեցին նրա խոսելու կարողությունը: Նկարելը դարձավ Մինայի կյանքի շարժիչ ուժը: Քույրը մեջբերում է Մինայի խոսքերը <<Նկարելու համար լսել պետք չէ>>: Յուրահատուկ ներաշխարհով նկարչուհին կենդանություն տվեց ծառին ու ծաղկին, միաժամանակ ստեղծագործության առանցքում դնելով ընտանիքը, հոգևոր-կրոնական թեման, հոգեբանական բնույթի կտավները: Ազգային բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ով ամառային անթիվ օրեր է անց կացրել Անանյանների իջևանյան ամառանոցում, առանձնահատուկ սիրով է արտահայտվում նկարչուհու ստեղծագործական աշխարհի մասին, նա գրում է. <<Բազմազան ու բազմերանգ է լինում երջանկությունը… Մինա Անանյանը ունի այդ երջանկությունը: Նա գտել է մարդկանց հոգիների հետ խոսելու ձևը, այդ ձևի գույնը, չափը, կշռույթը, որոնք թրթռում են բարությամբ, համապարփակ սիրով դեպ աշխարհը, գեղեցիկը>>: Մինա Անանյանի թեմատիկ մեծ բազմազանություն ապահովող գործերից կարելի է առանձնացնել <<Երկվությունը>>, <<Արտացոլանքը>>, <<Նախախնամությունը>>: Վերջինիս մասին Մինան գրում է. <<Այս կտավից այն հարցն է հնչում, թե դո՞ւ ես ընտրել արվեստը, թե ճակատագիրն է քեզ ընտրել արվեստի համար: Իսկ գուցե երկուսն էլ միասին>>: Մեկ այլ առիթով նկարչուհին ասել է. <<Երբ արվեստի հետ եմ, մարդկանց մեջ ինձ ուժեղ եմ զգում, իսկ արվեստից դուրս թույլ եմ>>: Նկարչուհին մեծ վարպետությամբ է արտահայտել հոգևոր հույզերն ու ապրումները <<Գրիգոր Նարեկացի>>, <<Հավատ>> կտավներում և <<Աղոթք>> նկարում: Մինա Անանյանը, վաղ տարիքում բռնելով հավիտենության ուղին, կիսատ թողեց իր երկրային կյանքն ու զրկեց ազգին տաղանդավոր մի նկարչուհու հետ դարաշրջան կիսելու պատվից: Այդուհանդերձ նա կենդանի է իր արվեստով, արարածով, կերտածով և իր անունը հպարտությամբ կրող փոքրիկ զարմուհու գունեղ կերպարով: