XII-XIII դդ․, Հաղարծին գյուղ
Տեղադիրք
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18 կմ հս., Հաղարծին գետակի վերին հոսանքի ափին, համանուն գյուղատեղիից մոտ 2 կմ հեռավորությամբ՝ անտառապատ վայրում:
Պատմություն
Հիմնադրման ժամանակն անորոշ է: Ծաղկում է ապրել XII դ. վերջին, XIII դ. սկզբին՝ Խաչատուր վրդ. Տարոնացու (Հաղարծնեցի) վանահայրության օրոք: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է XIII դ. առաջատար մշակութային կենտրոնների շարքում: Հաղարծինի վանքն ունի չորս եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույն՝ Ս. Գրիգոր եկեղեցին (մոտ X դ.) ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով, արտաքուստ՝ ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է: 1194 թ․ Հարբա որդի Խալթը Ս. Գրիգորին հս․ կից կառուցել է միանավ, թաղածածկ, Կաթողիկե կոչված փոքր եկեղեցին: XII դ. վերջին իշխան Իվանե Զաքարյանը Ս. Գրիգոր եկեղեցուն արմ․ կից կառուցել է քառասյուն տիպի գավիթ։ Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ, որոնցից արժեքավոր են հայր Դանիելի և շերեփը ձեռքին՝ վանքի տնտես Սիմեոնի ողջ հասակով պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով: 1244-ին Ս. Գրիգոր եկեղեցու արլ. կողմում, նրան բավական մոտ, կառուցվել է կապտավուն բազալտից, նրբագեղ մանրամասներով, Ս. Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Հաղարծինի վանքը ներկայումս ամբողջովին վերանորոգված է՝ Շարժայի շեյխի ֆինանսավորմամբ
Առանձնահատկություն
XIII դ. Հաղարծինի վանքը Զոսիմա քահանայի միջոցով ստացել է 350 կգ կշռող բրոնզե կաթսա, որի պատկերազարդ շուրթի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232 թ․: Կաթսան հայկական գեղարվեստի մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է, ունի քանդակազարդ ոտքեր: Վերջինիս չորս կանթերն առյուծների արձանիկներ են: 1248 թ․, վանական համալիրի արմ. կողմում, ճարտ. Մինասը Գրիգորեսի և Մովսեսի մասնակցությամբ կառուցել է սեղանատունը, որը միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից է: Ընդարձակ, ուղղանկյուն դահլիճ է (21,6x9,5 մ չափերի)՝ մեկ զույգ մույթերով բաժանված երկու հավասար, երդիկավոր մասերի, յուրաքանչյուրը՝ ծածկված երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով: Արմ. ճակատում կա լայնաթռիչք կամարակապ բացվածք: Ներքին պարագծով ձգվում է քարե նստարանը: Հայկական ճարտարապետության նմանատիպ երկու կառույցներից մյուսը Հաղպատի վանքում է: Սեղանատան արլ. կողմում փայտածածկ խոհանոցն է: Հաղարծինի վանքի համալիրը հայկական ճարտարապետության կառույցների՝ շրջակա բնության հետ ներդաշնակության լավագույն օրինակներից է:
Սկզբնաղբյուր
Քրիստոնյա Հայաստան․ հանրագիտարան, Երևան, 2002, էջ 524-525