Խորանաշատ վանք
Վանքը 13դ հիմնադրել է Հովհաննես Վանական Վարդապետը: Պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, Ս. Կիրակի մատուռը, պարսպի մնացորդներ, գերեզմանաքարեր:
Վանքի գլխավոր կառույցը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1211-1222թթ: Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք և միաժամանակ տարբերվում է նմանատիպ կառույցներից: Եկեղեցու անսովոր լայն կիսաշրջան ավագ խորանը՝ մասնատված է 14 խորշերով:
Խորանաշատ վանքի անվան հետ կապված տարբեր աղբյուրներում կան տարբեր վարկածներ։ Շատերն անունը կապում են վանքի գլխավոր եկեղեցու ավագ խորանի բազմախորշ կիսաբոլորակ պատի հետ, մյուսները՝ վանքի մերձակայքում եղած բազում եկեղեցիների հետ։ Համալիրը գտնվում է Չինարի գյուղից 1 կմ հյուսիսարևելք, սարի անտառոտ լանջին:
Խորանաշատը եղել է նաև գրչության կենտրոն: Այստեղ գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում ստեղծվել է նաև Ավետարանի ձեռագիրը, որը ենթադրաբար գրվել է հնադարյան Արցախում, Ուտիքում: