Աշխարհագրություն
Քաղաքը Երևանից գտնվում է 142 կմ հեռավորության վրա, Դիլիջանից՝ 35 կմ․։
Ներկայիս Իջևանի տարածքում նախկինում իջևանատներ են եղել, որոնք սպասարկել են Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկասի առևտրային միջանկյալ ճանապարհը։ Իջևանը գրավիչ է իր բնաշխարհով. քաղաքը շրջապատված է լեռներով, որոնք պատված են սաղարթախիտ անտառներով։
Պարսկական տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուր» և ըստ պատմական աղբյուրի՝ այստեղ 1780-ական թվականներին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը։
Քարվանսարա գյուղի մասին հիշատակությունն առկա է ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի «Ճանապարհորդական նոթեր»-ում, որը նվիրված է դեպի Պարսկաստան նրա ղեկավարած դեսպանական առաքելությանը: Առաջինը հայ մեծերից ՝ Սարգիս Հասան Ջալալյանն էլ իր «Ճանապարհորդություն իմ Մեծ Հայաստան»աշխատության մեջ հակիրճ խոսել է Քարվանսարայի մասին: Ի մի բերելով պատմագրական բոլոր աղբյուրները, կարելի է ասել, որ Քարվանսարա-Իջևանը, որպես բնակավայր, հավանաբար, հիմնադրվել է 1807թվականին։
1985-1991թթ.-ին Իջևանն ամեն տարի հյուրընկալել է հայ և արտասահմանցի արվեստագետների, որոնք մեկ ու կես ամիս ապրում և ստեղծագործում էին այստեղ: Դա քանդակի միջազգային սիմպոզիումն էր, որն Իջևանը վերածում էր բացօթյա արվեստանոցի: Դրանցից մի քանիսն այժմ կարող եք տեսնել Իջևանի Քաղաքային զբոսայգում:
Իջևան համայնքի պաշտոնական կայք