search
Գլխավոր  /  Մակարավանք

Մակարավանք

0
1
10-13 դդ  հայկական այս վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավարևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և 2-րդ հնագույն եկեղեցուց։ Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրոկոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը, իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։ Պատմական Մահկանաբերդի հոգևոր և մշակութային կենտրոն Մակարավանքը՝ միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդակազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այն ճարտարապետական կառուցվածքների և բնության ներդաշնակության մի հոյակապ նմուշ է։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն հատվում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ի՞նչ է պատահել։ Պատասխանում են, որ տղան հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում և մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

Սոց․ կայքեր

Կապվել կազմակերպության հետ