Գոշավանք
Պատմաճարտարապետական արգելոցը գտնվում է Գոշ գյուղում՝ Դիլիջանից 15 կմ դեպի արևելք:
Վանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգևորական, գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշը՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ երկրաշարժից: Համալիրի կազմավորումը սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել մոտ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը և կոչվել՝ Գոշավանք:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն, պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ՝ ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ… Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթը՝ այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ:
Հուշարձանախմբի զարդն են մեծատաղանդ Պողոս քարագործ-վարպետի կողմից 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի շնորհիվ էլ ստացել են «ասեղնագործ» մականունը: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի անունով մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ և միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման և բարձր գնահատանքի են արժանացել: