search
Աղջկաբերդ - Քարե Պատմություն, Կենդանի Լեգենդ

Աղջկաբերդ - Քարե Պատմություն, Կենդանի Լեգենդ

Աղջկաբերդը պարզապես միջնադարյան հուշարձան չէ․ այն լեռների մեջ կերտված պատմություն է, որտեղ լեգենդն ու իրականություը հանդիպում են իրար։

Mantashaberd

Տեղը և Դիրքը

Ամրոցը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք՝ անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով՝ միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգաձև պարիսպներով։

Ներքին կառուցվածքը

Մուտքի ներսում կա փոքրիկ պահակատուն: Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի: Ջրամբարներից մեկը շատ մեծ է: Ջուրը, թրծված կավե խողովակով՝ նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը:

Շինարարական նյութեր և պահպանվածություն

Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես նաև պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից և պատված են ամուր կրաշաղախով: Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը: Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։

Խիզախ աղջկա և նրա ամրոցի լեգենդը

Ասում են` եղել է մի գեղեցիկ աղջիկ, ով ունեցել է իր զորքը: Շատ իշխաններ, հրապուրվելով նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին: Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել: Իշխանուհին, հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցել է ամրոցը և իր զորքով պատսպարվել այնտեղ և պաշտպանվել հարձակումներից:

Հանդիպում Մանթաշ իշխանի հետ

Աղջկա երկրպագուներից մեկը Մանթաշ անունով իշխանն էր, ում աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի ու ավելի էին զայրացնում։ Նա Աղջկաբերդի դիմաց կառուցում է Մանթաշ ամրոցը և հաճախակի հարձակումներ գործում Աղջկաբերդի վրա: Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են ավարտվում, քանի որ միշտ հաղթում է աղջիկը:

Հաշտություն

Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշ ամրոցի վրա: Կռվում կրկին հաղթում է աղջկա զորքը: Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում: Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնան իր ամրոցում և ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են վերը նշված բաղնիքը:

Այցելություն Աղջկաբերդ

  • Գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, Իջևան քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք
  • Բարձրություն՝ ~1200 մ; միջին տևողությամբ 4-5 ժամյա արշավ
  • Լավագույն եղանակներ՝ մայիս-հունիս և հոկտեմբեր
  • Ուշադրություն՝ ամրոցի ավերակները բավականին փխրուն են