Աշխարհագրություն
Տավուշի հարուստ բնությունն ու պատմամշակութային կոթողներն ու առասպելներն ամենուր են։ Բերդն իր անունը ստացել է այստեղ գտնվող Տավուշի բերդից, որն այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի ամրոց: Միջնադարյան կառույց է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում՝ Տավուշ գետի աջ ափին է: Տավուշի բերդն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի նստավայր։ Ամրոցի յուրահատկություներից մեկն այն էր, որ կառույցն ունեցել է իր ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված՝ հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։
Բերդ քաղաքը գտնվում է Երևանից 202 կմ հեռավորության վրա, Դիլիջանից՝ 95 կմ, Իջևանից՝ 50 կմ․։
Բերդի շրջանում են գտնվում Նավուր, Չինչին, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Այգեձոր, Չինարի և մի շարք այլ գյուղեր, որոնք բոլորն էլ առանձնահատուկ են իրենց սովորույթներով, պատմություններով և տեղացիների ջերմ հյուրընկալությամբ։
Քաղաքի մոտ են գտնվում 10-րդ դարի հայկական Տավուշի ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ վանքերը։ Վայրը աչքի է ընկնում կիկլոպյան ամրոցի ավերակներով, այն թվագրվում է մ․թ․ա 1 հազարամյակ, իսկ հետաքրքրասերներին հրավիրում ենք այցելության Բերդի թանգարան, որտեղ ձեզ կներկայացնեն ոչ միայն համայնքի, այլև Տավուշի մարզի պատմությունը։
Բերդ համայնքի պաշտոնական կայք