Ի՞նչ եք փնտրում.
Chibukhchyans’ art studio-ն ձեռագործ արվեստի ստեղծագործական կենտրոն է, որը զբաղվում է հուշանվերների և կիրառական իրերի արտադրությամբ՝ ներկայացնելով Chibukhchyan բրենդը: Այն առաջարկ է վիտրաժային արվեստի, կարպետագործության, տեքստիլի ու մետաքսյա նրբաճաշակ գործերը նախընտրողների համար: Կենտրոնը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
Ի՞նչ են առաջարկում Chibuhkchyans’ art studio-ն.
Chibukhchyan բրենդը ներկայանում է մի քանի ուղղություններով.
Վիտրաժային արտադրանք՝ ինտերիերի ձևավորումից մինչև կենցաղային սպասք, թռչնագիր նկարներ, վիտրաժային նկարազարդմամբ թեյի, սուրճի ու օղու բաժակներ, ափսեներ ու աղամաններ, շաքարամաններ ու մեղրամաններ, մոմակալներ ու կոլբաներ, ծաղկամաններ ու տարոսիկներ:
Կարպետագործություն
Ձեռագործ կարպետներ և գոբելեններ, կարպետային ծածկոցներ ու փռոցներ, աթոռի ու ափսեի տակդիրներ,բարձեր ու մութաքաներ, հացամաններ ու պայուսակներ, գլխարկներ, հագուստի աքսեսուարներ ու գոտիներ:
Տեքստիլ արտադրանք
Այս արտադրանքի շրջանակը կազմում են ձեռագործ և տպագիր բարձի երեսները, սեղանի սփռոցներն ու պայուսակները, էկո պայուսակները, ասեղնագործ և նկարազարդ կլաչներն ու դրամապանակները: Chibukhchyan բրենդի առանձնահատուկ առաջարկն էլ ամբողջացնում են մետաքսյա շարֆերը՝ տպագրության ու ձեռագիր նկարազարդումների ընդգծված նրբություններով:
Ինչո՞ւ ընտրել Chibuhkchyan’s art studio-ն.
Chibuhkchyans’ art studio-ն-ն ստեղծել են երկու զարմուհիներ՝ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները՝ ստանձնելով մշակութային ժառանգության ու պատմական ավանդույթների պահպանման ու ճանաչողության բարձրացման պատասխանատվությունը: Դա զուտ ցանկություն չէ, այլ պրոֆեսիոնալ առաքելություն: Կիրառական արվեստին տիրապետելու հմտությունները քույրերը զարգացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի բաժնում:
Կիրառական արվեստի նկարչի որակավորմամբ մասնագիտությունը արտահայտվեց ոչ միայն Chibukhchyan բրենդը ստեղծելով, այլև դասավանդմամբ: 2000թ. -ից Անուշ և Դոնարա Չիբուխչյանները դասախոսում են ԵՊՀ- Իջևանի մասնաճյուղում` հաջորդող սերնդին ուսուցանելով դիզայն, նկարչություն,արվեստ և ժողովրդական արհեստների հմտություններ: 2010 թ.-ից քույրերը ՀՀ նկարիչների միության անդամներ են:
Այժմ վարպետաց դասեր են անցկացնում նաև բոլոր ցանկացողների համար՝ հյուրընկալելով հենց Chibuhkchyans’ art studio-ի հարկի տակ:
Ո՞րն է Chibukhchyan բրենդի ստեղծման նախահիմքը.
Բրենդի ստեղծման գաղափարի նախահիմք ու ոգեշնչման աղբյուր դարձավ 1906 թ. Իջևանում առաջին անգամ ծնունդ առած և մինչ օրս հայտնի «Դեղնաքյունջ» գորգը`բուսածաղկային շքեղ մոտիվներով: Գորգագործուհին իր ստեղծագործությունը նմանեցրել էր նարգիզի, որով ներկել էր համանուն գորգի դեղին թելը: Եվ նարգիզյան հենց այդ դեղնաքյունջն էլ դարձավ 2018 թ-ին ստեղծված Chibukhchyan բրենդի առանցքը:
Ապագայի ինչ ծրագրեր ու ինչ համագործակցություն ունի Chibuhkchyans’ art studio-ն.
Chibuhkchyan’s art studio-ն լայն համագործակցություն է ծավալել ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» և My Armenia-ի, Modus Consulting-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում: Ակտիվ մասնակցություն ունի ցուցահանդեսների, էքսպոների, կրթական և վերապատրաստման դասընթացների: Տարբեր ընկերությունների հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ապահովել ընկերության առաջխաղացումը և վաճառքի ուղիները օնլայն հարթակների միջոցով:
Ընկերության նպատակն է ոչ միայն զարգացնել տեղական արտադրանքը, կայուն տեղ զբաղեցնել տեղական շուկայում, այլև դուրս գալ դրա սահմաններից,վստահելի գործընկեր դառնալ տեղական և օտարերկրյա ընկերությունների, զբոսաշրջային կազմակերպությունների համար՝ նպատելով նաև տուրիզմի զարգացմանը: