search
Գլխավոր  /  Տավուշի տուրիզմի ակումբ  /  TELIK/ HASMIK  MARKARYAN

Ի՞նչ եք փնտրում.

«Թելիկը» ձեռագործ արվեստի ավանդական ճյուղերի զարգացմամբ զբաղվող կազմակերպություն է: Գործունեությունն իրականացնում երկու ուղղությամբ՝ ձեռագործ աշխատանքների ստեղծում և վարպետաց դասեր: «Թելիկը» զբաղվում է ձեռագործի տարբեր ճյուղերով` կարպետագործություն, ասեղնագործություն, շյուղագործություն, բատիկա, գորգագործություն, հելյունագործություն, կարուձև: Այն նպատակ ունի վերակենդանացնել ձեռագործի արվեստը և տավուշցի կանանց ապահովել աշխատանքով:

Ի՞նչ են առաջարկում «Թելիկում».

Գլխավոր շեշտադրումը շուլալ տեխնիկայով կարպետ ստեղծելը, դրա ավանդույթները վերականգնելն ու ճանաչելի դարձնելն է: Շուլալ տեխնիկայով են գործվում տարբեր կարպետներ` սկսած բաժակի տակդիրից (10×15սմ2) մինչև հատակին գցվող գորգերի չափի (150-200սմ2), սեղանի սփռոցներ, բարձեր, պայուսակներ: Դրանցում ընդգծված են հատկապես հին հայկական նմուշները՝ թե՛ պահպանելով ավանդական գույները, թե՛ նաև ժամանակակից լուծումներ տալով: Այս տեոնոլոգիայի զարգացման շրջանակներում էլ 2021թ. շուլալ կարպետն ընդգրկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում:
«Թելիկում» ստեղծվում են նաև Այնթափի հաշվակար տեխնիկայով ասեղնագործված սփռոցներ, խոհանոցային սրբիչներ, քսակներ, շյուղագործ շարֆեր ու գլխարկներ, բատիկայով արված շապիկներ ու պայուսակներ:

Որտե՞ղ են ծնվում ձեռագործ արվեստի նմուշները:

«Թելիկը» գործում է 2016թ-ից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությամբ և տեղակայված է Առաջնորդարանի շենքում: «Թելիկում» առաջարկում են շրջել կենտրոնում, սեփական աչքով տեսնել, թե ինչպես են արհեստագործները ստեղծում ձեռագործ իրերը, ծանոթանալ ցուցադրված նմուշներին ու Տավուշի արհեստագործության պատմությանը:

Ո՞ւմ համար են «Թելիկի» դասընթացները.

«Թելիկը» վարպետության դասեր է կազմակերպում բոլոր ցանկացողների՝ անհատների ու զբոսաշրջային խմբերի համար՝ ներկայացնելով տավուշյան արհեստագործական միջավայրը: 1,5 -2 ժամ տևողությամբ դասերի ընթացքում այցելուները վարպետի հսկողությամբ սովորում են իրենց նախընտրած ձեռագործության տեսակը, իսկ աշխատանքն ավարտելուց հետո որպես հուշ վերցնում իրենց պատրաստածը:

Ինչպե՞ս ձեռք բերել Թելիկի արտադրանքը.

 «Թելիկի» աշխատանքները կարելի է տեսնել և ձեռքբերել ինչպես տեղում, այնպես էլ օնլայն հարթակներում: Իրականացվում է նաև առաքում գնորդին հարմար տարբերակով: Վճարման կարգը ևս հարմարեցվում է նրա ցանկությանը` կանխիկ, քարտով կամ փոխանցումով, ՀՀ դրամով կամ համարժեք արտարժույթով: