search
Title Image

ՏՈՆԸ ԵՎ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ | ՏՐՆԴԵԶ

ՏՈՆԸ ԵՎ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ | ՏՐՆԴԵԶ
Գլխավոր  /  Բլոգ   /  ՏՈՆԸ ԵՎ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ | ՏՐՆԴԵԶ

ՏՈՆԸ ԵՎ ՏՈՆԱՀԱՆԴԵՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ | ՏՐՆԴԵԶ

Եթե դու փետրվար ամսին գտնվում ես Հայաստանում, բաց մի թող հնարավորությունը մասնակցելու Տրնդեզի տոնակատարությանը։ Տրնդեզը, որը եկել է դարերի խորքից, այսօր խորհրդաշում է սեր և տոնի հիմքում ընկած է ընտանեկան կապերի ամրապնդումը և բարեկեցությունը։

Պատմական անդրադարձ

Sոնի պաշտոնական՝ Տյառնընդառաջ անվանումը բացատրվում է Քրիստոսի կենսագրության այն իրողությամբ, որ հրեական օրենքի համաձայն՝ Փրկչի ծննդյան քառասուներորդ օրը նրա ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, որդուն տաճար տարան։ Այստեղ նրան ընդառաջ եկավ տիրոջ գալստյանն սպասող, խոր ծերության հասած  Սիմոն ծերունին, որտեղից և առաջացել է տոնի անվանումը` ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ, այսինքն՝ Տիրոջն ընդառաջ։ Չնայած անվան բազմազանությանը, այսօր Հայաստանում ավելի գործածական է ժողովրդական «Տրնդեզ» ձևը, իսկ եկեղեցին պաշտոնապես գործածում է «Տյառնընդառաջը»։ Տյառնըդառաջը նշվում է ամեն տարի փետրվարի 13-ին:

Ժողովրդական տոնական հանդիսություններն ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Դեռևս մոտ հարյուր տարի առաջ որոշ գյուղերում, խարույկը վառում էին միայն գյուղապետի կամ եկեղեցու բակերում, այլ վայրերում՝ բոլոր տների բակերում կամ միայն նշանված աղջիկների և նորապսակ ունեցող ընտանիքների բակերում։ Կրակը կամ քահանան էր վառում, կամ այդ պատվավոր իրավունքը նորապսակ, այդ տարի ամուսնացած նորափեսաներինն էր։

Եթե գյուղում նույնիսկ տասը նորափեսա լիներ՝ բոլորն էլ պետք է մասնակցեին կրակը վառելու արարողությանը, պայմանով, որ յուրաքանչյուրը որևէ ընծա տար եկեղեցուն: Ծիսակարգի համաձայն՝ կրակի վրայով անհրաժեշտ էր թռչել երեք կամ յոթ անգամ։ Տոնակատարության ժամանակ մասնակիցները երգեր էին երգում, պարում և տարբեր մաղթանքներ հայտնում։

Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում տարբեր կերպ են նշել տոնը, օրինակ՝ Սղերդում, եկեղեցուց անմիջապես հետո կանայք ու տղամարդիկ վառվող փայտերով շտապում էին իրենց այգիներն ու արտերը լավ բերք ապահովելու նպատակով:

Մոկսում այդ նույն ժամին եկեղեցու մոտից վառվող ջահերով գնում էին գերեզմանները և այդ խարույկի կրակը կամ լույսը տանում իրենց հանգուցյալներին:

Ջավախքի կարնոհայերի մեջ ընդունված էր, որ Տրնդեզի երեկոյան նշանված աղջկա ծնողները փեսացուին նվերներ ուղարկեին՝ աղանձ, մեղր կամ որևէ նվեր (գլխարկ, գոտի, թաշկինակ):

Որոշ վայրերում մարդիկ այդ կրակով իրենց հագուստից այրում էին մի կտոր, թեկուզ մի թել՝ վստահ լինելով, որ օձն իրենց չի կծի, կապահովվեն չար աչքի ազդեցությունից կամ էլ կազատվեն իրենց հիվանդություններից:

Տրնդեզն այսօր

Այսպիսով, Հայաստանի առանձին շրջաններում Տրնդեզի տոնահանդեսը ավանդաբար շարունակվում է, սակայն կատարվել են որոշ անխուսափելի փոփոխություններ, մոռացվել կամ ձևափոխվել են առանձին ծեսեր, ավելացել են նորերը: Ըստ հնագույն համոզմունքների՝ այս օրը տոնական խարույկի բոցը էներգիա է տալիս նորացմանը և բարեկեցություն բերում կյանքին։ Մինչ օրս տոնի գլխավոր հատկանիշը մնում է խարույկը, որի միջով ցատկում են սիրահար զույգերը, և եթե նրանց հաջողվի  մինչև վերջ մնալ ձեռք ձեռքի բռնած, նրանց սերը կլինի հավերժ, իսկ ընտանիքը՝ ամուր։