search

Ներդրումների և արտահանման մեծ հնարավորություններ

Բիզնես Արմենիայի թիմը Դիլիջանում մասնակցել է «Գնորդ-վաճառող» խորագրով համաժողովին։ Երկօրյա ֆորումին մասնակցում են օտարերկրյա ներդրումներ իրականացնող շուրջ 15 կազմակերպություններ ու անհատներ, Տավուշի մարզում գործող փոքր ու միջին ձեռնարկատերեր, կառավարության ներկայացուցիչներ։

Համաժողովը «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի նախաձեռնությունն է։ Այն իրականացնում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հկ-ն՝ ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Ֆորումը կազմակերպվել է դեպի Տավուշի մարզ ներդրումներ ներգրավելու, արդյունավետ բիզնես մոդելներ ստեղծելու, մարզում գործող տնտեսվարողների կարողությունները զարգացնելու և արդիականացնելու նպատակով։ Ծրագրային թիմը նախաձեռնության ավարտին ակնկալում է Տավուշում ապահովել մինչև 10 ներդրումային ծրագրի մեկնարկ։

Մարզի շուրջ 10 փոքր ու միջին ձեռնարկատերեր մասնակցել են ցուցադրության՝ ներկայացնելով տեղական արտադրության մեղր, գինի, բանջարաղենեյին պահածոներ, կոմպոտներ, պանրի, չրի տեսականի, մսամթերք, դեղաբույսեր։ Ծրագրային թիմը նախնական ուսումնասիրության արդյունքում գտել և հրավիրել է այնպիսի ներդրողների, որոնք հետաքրքրված են Տավուշում արտադրվող ապրանքների արտահանմամբ կամ այստեղի ձեռնարկություններում ներդրումներով։

«Մեր ծրագիրն ուղղված է Տավուշի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը և աղքատության կրճատմանը։ Մենք դա նպատակ ունենք անելու բնակչության համար նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Մեր նախաձեռնությունը նաև աջակցում է մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ֆերմերային տնտեսությունների, ՓՄՁ մրցունակության աճին»,- նշել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը։

 

Օր

Փտր 22 2020
Expired!

Ժամ

Ամբողջ օրը
Դասակարգում