search
Գլխավոր  /  ԱՂՋԿԱ ԲԵՐԴ

ԱՂՋԿԱ ԲԵՐԴ

0
1

Ամրոցը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք՝ անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգաձև պարիսպներով։ Մուտքի ներսում կա փոքրիկ պահակատուն: Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի: Ջրամբարներից մեկը շատ մեծ է: Ջուրը,  թրծված կավե խողովակով՝ նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը: Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես նաև պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից և պատված են ամուր կրաշաղախով: Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը: Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել. Ասում են եղել է մի գեղեցիկ աղջիկ, ով ունեցել է իր զորքը: Շատ իշխաններ, հրապուրվելով նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին: Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել: Իշխանուհին, հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ: Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են զայրացնում իշխան Մանթաշին։ Նա Աղջկաբերդի դիմաց կառուցում է Մանթաշ ամրոցը և հաճախակի հարձակումներ գործում Աղջկաբերդի վրա: Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են ավարտվում, քանի որ  միշտ հաղթում է աղջիկը: Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշ ամրոցի վրա: Կռվում կրկին հաղթում է աղջկա զորքը: Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում: Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնան իր ամրոցում և ի նշան բարեկամության Աղստև գետի ափին կառուցում են վերը նշված բաղնիքը:

Կապվել կազմակերպության հետ